ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարն այցելել է մայրաքաղաքում գործող մշակող արդյունաբերական ընկերություններ
19/01/2021

ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը՝ ուղեկցությամբ իր առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանի ու ԱՀ ԷԳՆ աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյանի, հունվարի 19-ին շրջայց է կատարել Ստեփանակերտում գործունեություն ծավալող արդյունաբերական գործարաններ:
Նախ, նախարարը եղել Է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ-ում, որտեղ գործունեություն են ծավալում թվով 5 ընկերություններ՝ «Ֆորեստ», «Գրեյթ փարթներս», «Արցախ կարպետ», «Սանդերք» և «ԳԵՎ գրուպ» ՍՊԸ-ները՝ մասնագիտացված բրդի մթերման, վերնազգեստների, սպիտակեղենի, գորգերի ու կարպետների, քնապարկերի արտադրության ոլորտում: Մանրամասն ծանոթանալով բոլոր ընկերությունների արտադրական հնարավորություններին ու հզորություններին, Ա. Բախշիյանը պատասխանատուների հետ քննարկել է դրանք ընդլայնելու հեռանկարներն ու լսել առարկայական առաջարկներ, խոսել առկա խնդիրների լուծման տարբերակների մասին:
Նախարարը շփվել է նաև ընկերությունների աշխատողների հետ, հետաքրքրվել վերջիններիս հուզող հարցերով:
Այնուհետև Ա. Բախշիյանն այցելել է նախկին ՍԷՏԳ տարածքում կազմակերպված արտադրական համալիր և տեղում ծանոթացել «Տրիումֆ» ՍՊԸ-ի «Արցախբիո» ապրանքանիշի արտադրատեսակներին:
ԱՀ ԷԳՆ «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն» ՊՈԱԿ-ում նախարարը ծանոթացել է վերջինիս գործունեության առանձնահատկություններին, կենտրոնում գործող լաբորատորիաների հնարավորություններին ու առկա խնդիրներին, որոնց լուծման վերաբերյալ հնչեցվել են համապատասխան առաջարկություններ:
«Քանի որ մշակող արդյունաբերությունը գյուղատնտեսությանը զուգահեռ կլինի մեր տնտեսության գլխավոր ճյուղերից, մեր խնդիրների թվում են առկա բոլոր հնարավորությունների ու ռեսուրսների գույքագրումը, ինչը ուղենշային դեր կխաղա վերը նշված ոլորտի զարգացման ու նոր աշխատատեղերի ստեղծման գործում»,- նշել է նախարարը: