ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ջ. Հայրապետյանը Շուշիի շրջանի վարչակազմում ներկայացրել է գյուղաջակցության նոր ծրագրերը
03/09/2020
Սեպտեմբերի 3-ին ԱՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Ջ. Հայրապետյանը, Վ. Ավետիսյանն ու Տ. Առստամյանը այցելել են Շուշիի շրջանի վարչակազմ՝ շրջանի ղեկավարներին ու տնտեսավարողներին ներկայացնելու գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրի նախագիծը:
Ողջունելով ներկաներին՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Է. Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց գյուղոլորտի պատասխանատուներին, հետո խոսքը փոխանցեց վարչակազմի հողաշինարարության ու հողօգտագործման բաժնի պետ Գ. Հովհաննիսյանին, ով ներկայացրեց Շուշիի շրջանի գյուղատնտեսության նախորդ տարիների բացթողումներն ու զարգացման հեռանկարները:
Մասնավորապես, ելույթով հանդես եկավ փոխնախարար՝ Ջ.Հայրապեյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրի ռազմավարությանը ու քննարկման առաջին փուլում խոսեց բուսաբուծության համալիր զարգացման ու բույսերի պաշտպանության, ապա անասնաբուծության ու անասնապահության զարգացման ծրագրերի մասին. փոխնախարարը մանրամասն ներկայացրեց ոչխարների ներկրման, անասնապահության զարգացման խթանման, անասնաբուծական մթերքների և սննդամթերքի վերամշակման արտադրամասերի, սպանդանոցների ու անասնաշենքերի կառուցման ու վերանորոգման պայմանները:
-
-
Ներկայացնելով ոռոգման բնագավառի բարելավմանն ուղղված ծրագրերը, Ջ. Հայրապետյանը նշեց, որ պետական աջակցությամբ խրախուսվելու են ժամանակակից տեխնոլոգիաներով ոռոգվող գյուղատնտեսական մշակաբույսերի ու բազմամյա տնկարկների ցանքատարածքների մշակությունը:
Նախատեսվում է արտեզյան խորքային հորերի կառուցման աշխատանքների, պոլիէթիլենային հիդրոմեկուսիչ ծածկոցով ջրամբարների կառուցման, պոմպակայանների կառուցման աշխատանքների, ինչպես նաև մինչև 1000 մետր երկարությամբ օդային գծի կառուցման և տրանսֆորմատորային ենթակայանի տեղադրման աշխատանքների մասնակի սուբսիդավորում:
Հանդիպման վերջում մասնակիցները հնչեցրել են առաջարկություններ և իրենց հուզող հարցերը, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: