|
ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ
02/09/2022 ![]() Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ:
1991 թվականին արցախահայությունն ընդունեց պատմական որոշում՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու վերաբերյալ:
Այսօր նույն ժողովուրդը կանգնած է գոյության պայքար մղելու, արտաքին ու ներքին սպառնալիքներին դիմակայելու, գաղափարապես համախմբվելու և վերածնվելու լուրջ մարտահրավերների առջև:
Արցախի համար մղված երեք պատերազմներում բազմահազար հայորդիների կյանքերի կորուստը, բազում զրկանքները, որոնց մեր ժողովուրդը ենթարկվել և շարունակում է ենթարկվել, ավելի են կոփում մեզ՝ գերիմաստավորելով մեր գոյապայքարը:
Աստծո կամոք, բոլոր փորձությունները մի օր կմնան անցյալում, և արցախցին, իր անկոտրում կամքի շնորհիվ, կայուն խաղաղության պայմաններում կշարունակի արարել իր սեփական հողում:
|