ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է գեոֆիզիկական ուսումնասիրությունների շնորհանդեսը
15/02/2019
Փետրվարի 15-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում կայացել է Արցախի Հանրապետությունում երկրաֆիզիկական մեթոդներով գրունտային և ստորգետնյա ջրերի հայտնաբերման նպատակով իրականացված ուսումնասիրությունների շնորհանդեսը:
Ինչպես նշել է գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ուսումնասիրություններն իրականացվել է ԱՀ ԳՆ պատվերով, որի նպատակն է Արցախում խորքային ջրերի ուսումնասիրության, ջրերի խորության, քանակական ցուցանիշները բացահայտելու և արտեզյան խորքային հորերի ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ հետագա անելիքների հստակեցումը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը նշել է, որ hետազոտություններն իրականացվել են մի քանի փուլով: Առաջին փուլում իրականացվել են հեռահար զննման և երկրաբանական տվյալների մշակման աշխատանքներ, երկրորդում՝ երկրաֆիզիկական հետազոտություններ, իսկ վերջին փուլում այդ տեղամասերում կիրականացվի աղբյուրների մանրամասն ուսումնասիրություն:
Այնուհետև ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Միքայել Գևորգյանը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները՝ նշելով, որ դաշտային և լաբորատոր ուսումնասիրություններ են կատարվել Ասկերան, Բերդաշեն և Ճարտար համայնքներում առաջարկված չորս տեղամասերում: Որպես հեռանկարային, Ասկերանի տեղամասը ստացված տվյալների վերլուծության արդյունքում առանձնացվել է: Հենց այստեղ է, որ առաջարկվում է իրականացնել հորատման աշխատանքներ՝ 70-150 մետր խորությամբ ստորերկրյա ջրային ավազանից ոռոգման նպատակով ջուր հանելու համար: