Ակվասորբ նյութի փորձարկում Արցախում
28/11/2019
Նոյեմբերի 26-27-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն Ավետիսյանը և ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության աշխատակիցները հանրապետության բարձրադիր (Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում) և ցածրադիր (Ակնա տեղամասում) գոտիներում անց են կացրել ՌԴ հայտնի ընկերության կողմից տրամադրված Ակվասորբ նյութի փորձարկում: Ակվասորբը խոնավություն կուտակելու հատկություն ունեցող իննովացիոն նյութ է, որը մտցնելով հողը մեծ քանակությամբ ջուր և սննդարարար նյութեր է ներծծում ու պահում իր մեջ և հետագայում անհրաժեշտության դեպքում հեշտությամբ տրամադրում բույսին: Իր հատկությունները պահպանում է մինչև 5 տարի ժամկետով, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծում ոռոգման հաճախականությունը կրճատել մինչև 50 տոկոս: Ակվասորբն ունի նաև մի շարք այլ օգտակար հատկություններ, մասնավորապես, նվազեցնում է հողից ջրի գոլոշիացումը, բարելավում է հողի ֆիզիկական հատկություններն՝ ակտիվացնելով օդափոխությունը: Ջուրը և սննդարար տարրերը բույսերի համար արմատային գոտում մշտապես հասանելի են լինում:
Փորձարկմանը մասնակցել է նաև հումքը տրամադրած ռուսաստանյան ընկերության գյուղատնտեսական ապրանքների գծով պատասխանատու Նիկիտա Բեսլիկը:
ԱՀ ԳՆ նախարարի տեղակալ Վ. Ավետիսյանն ընդգծել է նմանատիպ նյութերի կիրառման կարևորությունը. «Ժամանակակից գյուղատնտեսությունը պահանջում է ավելի ու ավելի շատ ռեսուրսներ, որոնց թվում ջուրն, անկասկած, առավել արժեքավոր է, հետևաբար, մենք ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք դրա պահպանման մեխանիզմների որոնմանը»:
Դրական արդյունքների արձանագրման դեպքում ակվասորբը նախատեսվում է կիրառել Արցախում այգեգործության մեջ: