Կտավատի մշակության տեխնոլոգիան
03/04/2018
Կտավատի սերմերից ստանում են թանկարժեք յուղ (42-50 %), որը օգտագործում են մարդու սննդում: Այն կարգավորում է սիրտ-անոթային, աղեստամոքսային համակարգի աշխատանքը: Կտավատի յուղը օգտագործում են օլիֆ, լաքեր, գեղարվեստական ներկեր, չթրջվող հագուստի պատրաստման համար, ինչպես նաև կաշվե արտադրությունում: Թելատու կտավատից ստանում են լավագույն թելերից մեկը, որը բամբակի թելից ամուր է 2 անգամ, իսկ բրդի թելից՝ 3 անգամ: Թափուկներն օգտագործվում են թուղթ և այլ նյութեր ստանալու համար: Կտավատի քուսպը պարունակում է 24% լուծվող սպիտակուցներ, նրա մեկ միավորը պարունակում է 1.2 կերային միավոր: Կտավատի սերմերը ծլում են 3-50 C ջերմաստիճանի պայմաններում, սակայն համերաշխ ծլում են +11-+130 C : Այս դեպքում սերմերը ծլում են 6-7-րդ օրը և մատղաշ ծիլերը դիմանում են մինչև -3.5 — 40 C սառնամանիքներին: Կտավատի աճման համար նպաստավոր է համարվում 15-18 0 C: Տաք եղանակներին դանդաղանում է ցողունի աճը: Այն ավելի լավ է աճում, երբ ամպամած օրերի թիվը շատ է լինում: Արևային ուժեղ լուսավորումը նպաստում է ցողունի ուժեղ ճյուղավորմանը, որի հետևանքով իջնում է բերքը և վատանում որակը: Բույսը խաչաձև փոշոտվող է, նրա ծաղկափոշիները ծանր են և քամու միջոցով չեն տարածվում, տարածվում են միջատների և բույսերի անմիջական շփմամբ: Կտավատի տարբեր սորտեր ունեն ծաղկման տարբեր տևողություն: Սելեկցիոն նոր սորտերը ծաղկում են 33-57օր: Բույսի աճը բարձրությամբ շարունակվում է մինչև ծաղկման ավարտը: Կտավատի աճի և զարգացման համար անհարժեշտ է տարեկան 350-400 մմ տեղումներ: Հասունացման շրջանում տեղումները բացասաբար են ազդում բույսի զարգացման վրա:
Կտավատի մշակությունը: Կտավատը պահանջկոտ է նախորդների նկատմամբ: Երբ միևնույն դաշտում անընդհատ կտավատ է մշակվում կամ շուտ է վերադառնում դաշտ, ապա բույսերը խիստ տուժում են և ընկնում է բերքատվությունը: Կտավատի համար լավ նախորդ է երեքնուկի, կորնգանի ցանքերը, աշնանացան ցորենը, ընդեղենները և կարտոֆիլը: Լավ ծածկոցային բույս է բազմամյա խոտաբույսերի համար: Իր հերթին լավ նախորդ է աշնանացան հացահատիկի համար, քանի որ իր բերքահավաքից հետո բավականին շատ ժամանակ է մնում դաշտը պատրաստելու աշնանացանի համար: Վատ նախորդներ են արևածաղիկը, հլածուկը և հենց կտավատը, քանի որ սրանց բերքահավաքից հետո դաշտում շատ բուսական մնացորդ է մնում և այս պայմաններում ցանված կտավատի սերմերի մոտ առաջանում է սնկային հիվանդություն ֆուզարիոզային փտումը, որը բացասաբար է ազդում բույսի բերքատվության վրա: Վերջիններից հետո դաշտ կարելի է վերադառնալ միայն 5 տարի հետո:
Ցրտահերկը պետք է կատարել 20-22 սմ խորությամբ: Վաղ գարնանը փոցխել: Նախացանքային կուլտիվացիան կատարել 7-8 սմ, իսկ պնդացած հողերում 10-12 սմ խորությամբ և անմիջապես փոցխել: Նպատակահարմար չէ ուշ ցանքերում սերմը ցանել քիչ խորության վրա (3-4 սմ), քանի որ այդ շրջանում հողի վերին շերտը չորացաց է լինում և սերմը ծլում է միայն անձրևներից հետո, այս դեպքում էլ տեղի է ունենում սերմերի ակտիվ աճ, որը իր հերթին խախտում է բույսերի նորմալ աճն ու զարգացումը: Կտավատը լավ է աճում, երբ հողի ռեակցիան թույլ թթվային է PH= 5.9-6.5: Բարձր նորմաներով սերմերի ցանքերում նկատվում է բույսերի մրցակցություն լույսի, ջրի, սննդատարրերի համար, և առանձին բույսեր կարող են տուժել: Նման ցանքերում մեծանում է պառկելու և սնկային հիվանդությունների տարածման վտանգը: Նորմալ բուսածածկ ստանալու համար, ցանքի նորման է 50կգ/հա: Կտավատը, ունենալով թույլ զարգացած արմատային համակարգ, պահանջկոտ է հողի բերրիության հանդեպ և լավ է արձագանքում պարարտացմանը: Ամենից շատ սննդատարրերի կարիք բույսը զգում է վեգետացիայի սկզբին: Կտավատի վրա բացասաբար է ազդում հողում քլորի առկայությունը, այս փաստը պետք է հաշվի առնել պարարտանյութ ընտրելիս: Մեկ տոննա սերմի բերք կազմակերպելիս հողից վերցնում է 60-70 կգ ազոտ, 15-25 կգ ֆոսֆոր և 40-55 կգ կալիում: Սննդատարրերի կլանումը տեղի է ունենում անհավասարաչափ: Եթե կտավատը միչև ծաղկելը օգտագործում է 30% ազոտ, 15% ֆոսֆոր, ապա ծաղկման ակտիվ շրջանում ազոտի պահանջը կազմում է 90 %, ֆոսֆորինը 50 % և ավելի: Խորհուրդ է տրվում հիմնական վարի տակ տալ N45P60K45 պարարտանյութեր: Միկրոտարրերի անբավարարությունը լրացնելու նպատակով վեգետացիայի ընթացքում ցանկալի է կատարել տերևային սնուցում: Միկրոտարրերը բարձրացնում են բույսի չորադիմացկունությունը և մեղմացնում բարձր ջերմաստիճանի բացասական ազդեցությունը: Կտավատը վեգետացիայի սկզբում աճում է շատ դանդաղ և այդ շրջանում խիստ տուժում է մոլախոտային բուսականության կողմից: Նախորդները տարբեր ձև են ազդում դաշտում մոլախոտային բուսածածկի տեսակային կազմի և աղբոտվածության վրա: Երբ դաշտում տարածված են հետևյալ մոլախոտերը՝ տատասկափուշ, դաշտային պատատուկ և այլն, ցանկալի է 20-25 օր առաջ մինչև հողի հիմնական մշակումը կատարել համատարած սրսկում մոլախոտերի 5-6 տերև փուլում՝ Ռաունդապ հերբիցիդով: Արվանտակ, մոլասորգո, սողացող սեզ մոլախոտերով ախտոտված դաշտերում անհրաժեշտ է իրականացնել 10-12 սմ խորությամբ հողի փխրեցում, այն նպատակով, որպեսզի ստեղծել բարենպաստ պայմաններ մոլախոտերի աճի համար: Երբ դաշտում դիտվում է մոլախոտերի մասսայական զարգացում, իրականացնել պայքար հազացգի մոլախոտերի դեմ Տարգա Սուպեր, Ֆյուզիլատ Սուպեր Ֆուրոր Սուպեր հերբիցիդներից մեկով: Քիմիական պայքարից 15 օր հետո պետք է կատարել վար: Որոշ տնտեսություններում հաջողությամբ կիրառվում է հողային հերբիցիդներ Նիտրան, Տրեֆլան, Վիտոկ և Դուալ: Կտավատի ցանքերում մոլախոտային բուսականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է հերբիցիդների բակային խառնուրդներով սրսկումները բույսերի 3-12 սմ բարձրության շրջանում: Կտավատի ցանքերում մոլախոտերի վարակվածության աստիճանի բարձրացում նկատվում է նաև միակողմանի բարձր չափաբաժիններով ազոտական պարարտացման դեպքում: Եթե մոլախոտերից մաքուր դաշտերում կտավատի բերքատվությունը բարձրանում է 20-21 %, ապա մոլախոտերով ախտոտված դաշտերում 14-16 %:
Բացի այդ, մոլախոտերով վարակաված դաշտերում մեծանում է վնասակար օրգանիզմների տարածման հավանականությունը: Կտավատը դիմացկուն է սնկային հիվանդությունների և վնասատուների հանդեպ, և քիմիական պայքարի կարիք չի զգում: Կտավատի բերքահավաքը կատարում են, երբ տուփիկների 75%-ը հասունացած է լինում: Եթե բերքահավաքի ընթացքում դաշտում կան շատ մոլախոտեր, մինչև բերքահավաքը ցանկալի է կատարել դեսիկացիա Բաստա պատրաստաուկով 5-10 օր առաջ: Կտավատի դաշտում բերքահավաքից հետո մնացած ծղոտը մանարցվում ու թողնվում է դաշտում, որը հանդիսանում է հողի պաշտպանիչ շերտ, որը կանխում է քամու և հողային էռոզիան: Բացի այդ խանգարում է մոլախոտերի ծլելուն, պահպանում է խոնավությունը, և հանդիսանում հումք հողում օրգանական նյութերի վերարտադրության համար: