Եգիպտացորենի մշակության տեխնոլոգիան
31/03/2018
Եգիպտացորենը մշակում են պարեն, անասնակեր և տեխնիկական նպատակով: Բույսը, որպես կերային մշակաբույս, ունի բացառիկ նշանակություն, օգտագործվում է ինչպես հատիկը, այնպես էլ կանաչ զանգվածը: Եգիպտացորենի կանաչ զանգվածը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որի շնորհիվ հեշտությամբ է սիլոսացվում: Ճիշտ եղանակով պատրաստված եգիպտացորենի սիլոսը կարելի է պահել մի քանի տարի: Ծղոտը պարունակում է 37 կերային միավոր: Կերարտադրության տեսակետից եգիպտացորենի մշակության նշանակությունը մեծ է նաև որպես միջանկյալ մշակաբույս, որոշ վաղահաս մշակաբույսերի բերքահավաքից հետո:
Եգիպտացորենի մշակությունը: Որպես շարահերկ բույս, կարևոր դեր է խաղում ինչպես դաշտային, այնպես էլ կերային ցանքաշրջանառությունում: Լավ մշակության դեպքում ճնշում է մոլախոտային բուսականությանը: Եգիպտացորենի համար լավ նախորդներ են բազմամյա խոտաբույսերը, հատիկաընդեղեն բույսերը, միամյա խոտաբույսերը: Խոնավությամբ ապահովված պայմաններում լավ նախորդներ կարող են լինել նաև կարտոֆիլը, բանջարաբոստանային բույսերը և արմատապտուղները: Գերազանց նախորդից և լավ պարարտացումից հետո եգիպտացորենը կարելի է նույն դաշտում թողնել 2 տարի անընդմեջ: Իր հերթին եգիպտացորենը լավ նախորդ է գարնանացան մշակաբույսերի համար: Շատ դեպքերում եգիպտացորենը մշակում են որպես ձյուն պահող մշակաբույս՝ զբաղված և կուլիսային ցելերում: Ջերմասեր բույս է, սերմերը սկսում են ծլել 8-100C ջերմաստիճանի պայմաններում: -2-30C սառնամանիքներից տերևները ամբողջությամբ ցրտահարվում են: Եգիպտացորենը ջրի հանդեպ առավել պահանջկոտ է ծաղկումից 10 օր առաջ, որը տևում է մոտ 30 օր: Եգիպտացորենը խաչաձև փոշոտվող բույս է, փոշոտվում է քամու միջոցով: Բարձր բերք է կազմակերպում սննդանյութերով հարուստ, փուխր, ավազակավային, սևահողերում ու շագանակագույն հողերում: Վատ է աճում ծանր, կավային, աղակալված և ճահճակալած հողերում:
Հողում խոնավություն կուտակելու ու պահպանելու համար անհրաժեշտ է նախորդ հանդիսացող մշակաբույսի բերքահավաքը կատարելուն զուգընթաց կամ անմիջապես դրանից հետո կատարել երեսվար: Խոզանի երեսվարից 20-25 օր հետո կատարել վար՝ 28-30 սմ խորությամբ: Նախորդ շարահերկ մշակաբույսերի բերքահավաքից անմիջապես հետո կատարել պարարտացում և ցրտահերկ 28-30սմ խորությամբ: Վարի հետ աշնանը տալիս են հիմնական ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը՝ սուպերֆոսֆատ 130 կգ/հա և կալիումի քլորիդ 100-120 կգ/հա չափաբաժնով: Ամոնիումի սելիտրան տալ սնուցումների ձևով 180կգ/հա նորմայով: Եգիպտացորենը իր աճի սկզբնական փուլում ավելի շատ կարիք ունի ֆոսֆորի նկատմամբ: Ֆոսֆորի առկայության ժամանակ արմատային համակարգը հզորանում ու խորանում է հողի մեջ: Այս հանգամանքը կարևոր նշանակություն ունի անջրդի գյուղատնտեսության պայմաններում: Եգիպտացորենը ազոտի պահանջ զգում է մինչև հուրանների երևալը: Գարնանը դաշտ դուրս գալու առաջին իսկ հնարավորության դեպքում դաշտը փոցխում են: Մոլախոտերի սերմերի մասսայական ծլումից հետո պետք է կուլտիվատորներով հողը փխրեցնել 10-12սմ խորությամբ, անմիջապես փոցխել և կատարել ցանք: Եգիպտացորենի բերքատվության բարձրացման գործում սերմնանյութի որակը ունի կարևոր նշանակություն: Սերմի ցանքը կատարում ենք այն ժամանակ, երբ հողի 10 սմ խորության վրա ջերմաստիճանը 10-120 է: Բերքատվության բարձրացման գործում կարևոր է ընտրել ցանքի խտությունը: Համեմատաբար չոր շրջաններում , ուր մթնոլորտային տեղումները տատանվում են 300-400 մմ, յուրաքանչյուր հեկտարում պետք է աճեցնել 20-25 հազար բույս, ջրովի պայմաններում՝ 40-60 հազար բույս: Նման խտությամբ բուսածածկ ստանալու նպատակով ցանքը կատարել 70 X 70 և 60 X 60 սխեմայով: Եգիպտացորենի ցանքի նորման կարող է տատանվել 15-20 կգ/հա սահմաններում: Եգիպտացորենի սիլոսի ստացման նպատակով ցանքի նորման կազմում է 22-25 կգ/հա: Ծանր կավային հողերում ցանքը կատարել 5-6 սմ, թեթև հողերում ՝ 8-10 սմ խորությամբ: Վաղ ցանքի ժամանակ սերմը ցանում են սաղր, ուշ ցանքի դեպքում՝ խոր, ջրովի պայմաններում պետք է ցանել սաղր, անջրդի պայմաններում՝ խոր: Հողի մակերեսը փխրեցնելու, մոլախոտերը ոչնչացնելու նպատակով եգիպտացորենի վրա երեք տերև առաջանալու շրջանում դաշտը անհրաժեշտ է փոցխել: Դաշտում խնամքի մյուս կարևոր միջոցառումը դա միջշարային կուլտիվացիան է: Առաջին կուլտիվացիան կատարում են 8-10 սմ խորությամբ, իսկ երկրորդ կուլտիվացիան 20-25 օր հետո՝ 7-8 սմ խորությամբ: Ջրովի պայմաններում հատիկ ստանալու նպատակով բույսերը ցածրադիր շրջաններում ոռոգել 4-10 անգամ՝ 500-600 մ3/հա ջրման նորմայով: Խոզանացան եգիպտացորենը ջրում են 3-6 անգամ՝ 1800-3500 մ3/հա ոռոգման նորմայով: Առաջին ջրումը կատարել ցանքից հետո, հաջորդը 10 օր անց, երրորդը հուրանները դուրս գալուց առաջ, չորրորդը՝ հուրանները դուրս գալու փուլում, հաջորդ ջրումները կաթնամոմային հասունացման փուլում: Մոլախոտային բուսականության դեմ արդյունավետ է քիմիական պայքարը: Եգիպտացորենի ցանքերը միամյա լայնատերև և հացազգի մոլախոտերից մաքուր պահելու համար կարելի է կիրառել նախածիլային հերբիցիդ Ստոմպ 3-4 լ/հա նորմայով: Վեգետացիայի ընթացքում եգիպտացորենի ցանքերում լայնատերև մոլախոտերի դեմ պայքար կազմակերպել Ֆենագոն՝ 0.8-1լ/հա կամ 2.4 Դ 1-1.5լ/հա հերբիցիդներով, իսկ միամյա և բազմամյա հացազգի մոլախոտերի դեմ կիրառել Տիտուս — 50-60գր/հա + Տրենդ 90 – 200գր/հա: Նշված հերբիցիդները համատեղելի են և խորհուրդ է տրվում օգտագործել եգիպտացորենի բույսի 3-4 տերևի փուլում:
Եգիպտացորենը վարակվում է մի շարք սնկային հիվանդություններով (բշտիկավոր մրիկ, փոշեմրիկ, հելմինտոսպորիոզ, ժանգ, ցողունների և կողրերի ֆուզարիոզ) և վնասվում է վնասատուների կողմից (բվիկներ, լարաթրթուր, հրաթիթեռ, մարգագետնային թիթեռներ, լվիճներ): Վնասակար օրգանիզմների դեմ արդյունավետ է պայքարի համակցված մեթոդը, որտեղ բացի քիմիական պայքարից անհրաժեշտ է կատարել ցանքաշրջանառություն, ընտրել հողի մշակման ճիշտ համակարգ, կատարել կոմպլեքս պարարտացում, խուսափել միակողմանի ազոտական պարարտանյութերից, օգտագործել որակյալ և ախտահանված սերմացու, ցանքը կատարել օպտիմալ ժամկետներում, դաշտը մաքուր պահել մոլախոտերից և ընտրել դիմացկուն հիբրիդ կամ սորտ:
Քիմիական պայքար: Սերմացուն ենթարկել նախացանքային ախտահանման կոմպլեքս վնասատուների դեմ՝ Կրույզեր-6 լ/տ: Լարաթրթուրներով վարակված դաշտերում պայքարը անհրաժեշտ է սկսել, երբ հողում 1մ2 վրա առկա է 3 թրթուր: Մինչև ցանքը կամ ցանքի հետ համատեղ հող մտցնել Ռեգենտ կամ Ադոնիտ 10կգ/հա՝ հողաբնակ վնասատուների դեմ: Լվիճներով, շվեդական ճանճով, բվիկներով, մարգագետնային թիթեռնիկով, հրաթիթեռներով վնասված ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Կորագեն-150-200գր/հա, Ավանտ-200- 300գր/հա, Դեցիս բլյու-600-700գր/հա, Էֆորիա- 150-200գր/հա, Ակտարա- 100- 150գր/հա: Մորեխներով վարակված դաշտերում սրսկել՝ Ֆյուրի-100-150գր , Ֆաստակ -100-150գր կամ Ադոնիս-100-150գր ինսեկտիցիդներով:
Հատիկի բերքը հավաքում են լրիվ հասունացման փուլում: Այդ ընթացքում բույսը ամբողջությամբ դեղնած է լինում, կողրերի փաթեթները՝ չորացած: Հավաքված կողրերի փաթեթը հեռացնել և ոչ հաստ (1-2 կողրի հաստությամբ ) շերտով փռել ծածկի տակ, լավ օդափոխվող տեղում ու չորացնել: Այս ընթացքում անհրաժեշտ է կողրերը անընդհատ շրջել, որպեսզի չբորբոսնեն: Կողրերը, առանց հատիկը հեռացնելու կարելի է պահել ոչ պակաս 16 %, իսկ անջատված հատիկը` 13% խոնավության պայմաններում:
Եգիպտացորենի սիլոսային զանգվածի բերքահավաքը պետք է սկսել կաթնային հասունացման փուլում: Այդ ժամանակ հավաքված կանաչ զանգվածը պարունակում է 70% խոնավություն և հեշտ է սիլոսացվում:
1 հա եգիպտացորենի դաշտից կարելի է ստանալ ավելի քան 400ց/հա սիլոսային զանգված:
Եգիպտացորենի (հատիկի) միջին բերքատվությունը 40-50ց/հա է, իսկ պոտենցիալ բերքատվությունը մինջև 100ց/հա: