Արևածաղկի մշակության տեխնոլոգիան
03/04/2018
Արևածաղկի յուղը համարվում է լավագույն յուղերից մեկը, որն օգտագործվում է սննդի մեջ, մարգարինի պատրասման համար: Քուսպը սննդանյութերով հարուստ հրաշալի խտացված կեր է, 100կգ կանաչ զանգվածը պարունակում է 17 կերային միավոր: Արևածաղիկը սիլոսային մշակաբույս է, տալիս է 40-80տ կանաչ զանգվածի բերք: Սերմնապտուղը ծլում է 100C ջերմության պայմաններում: Ծիլերը դիմանում են -60C սառնամանիքներին: Մշակաբույսը ունի ուժեղ զարգացող առանցաքային արմատային համակարգ, որը կարող է հասնել 2,5 մ խորության: Արևածաղիկը ամբողջ վեգետացիայի ընթացքում անհավասարաչափ է ծախսում խոնավությունը: Վեգետացիայի ընթացքում պահանջվող խոնավության 20-25 %-ը բույսը ծախսում է ծլումից միչև զամբյուղների առաջացումը, իսկ մնացածը՝ ծաղկման և սերմնալիցի ընթացքում: Արևածաղիկը լավ է աճում ու զարգանում սննդանյութերով հարուստ հողերում: Ճահճացած, խիստ ավազային և կրային հողերում այն ցածր բերք է տալիս: Արևածաղիկը խաչաձև փոշոտվող բույս է: Պահանջկոտ է պարարտանյութերի նկատմամաբ: Ֆոսֆորի ամենաշատ քանակը ծախսում է ծլումից մինչև ծաղկումը, իսկ կալիումի պահանջը զամբյուղների ձևավորման և սերմնապտուղների մոմային հասունացման շրջանում: Բոլոր դեպքերում ֆոսֆորական պարարտանյութերը բարձրացնում են յուղի տոկոսը: Ծիլերը դիմանում են 7-80C կարճատև ցրտերին: Ծաղկման ընթացքում օպտիմալ է համարվում օդի 20-300C ջերմաստիճանը:
Արևածաղկի մշակությունը: Արևածաղիկը նույն դաշտ պետք է վերադառնա 5-6 տարի հետո: Արևածաղկի համար լավ նախորդ է աշնանացան ցորենը, եգիպտացորենը և կարտոֆիլը: Իր հերթին լավ նախորդ է աշնանացան ցորենի համար: Արևածաղիկը, ի տարբերություն աշնանացան ցորենի 2 անգամ շատ ազոտ, 3 անգամ շատ ֆոսֆոր և 10 անգամ շատ կալիում է օգտագործում: 12ց/հա սերմնապտուղ ձևավորելու համար արևածաղիկը հողից վերցնում է 6 կգ ազոտ, 2.6 կգ ֆոսֆոր և 18.6 կգ կալիում: Բերքատվությունը զգալի բարձրանում է, երբ հողը հարուստ է լինում օրգանական նյութերով և պարարտացված 130 կգ կրկնակի սուպերֆոսֆատով և 100 կգ կալիումի քլորիդով: Վեգետացիայի ընթացքում կատարում են սնուցում ամոնիակային սիլիտրայով կամ կարբամիդով: Արևածաղկին հատկացված հողի մշակումը պետք է սկսել խոզանի երեսվարով: Ժամանակին կատարված խոզանի երեսվարից հետո անհրաժեշտ է կատարել հիմնական պարարտացում և վար 25-27 սմ խորությամբ: Արևածաղկի ցանքերում միամյա լայնատերև և հացազգի մոլախոտերի դեմ որպես նախածլային հերբիցիդ կիրառվում է Գեզագարդ՝ 2- 3.5կգ/հա նորմայով: Միամյա և բազմամյա հացազգի մոլախոտերի դեմ կիրառվում է ընտրողական հերբիցդ՝ Տարգա սուպեր-2-3լ/հա նորմայով: Գարնանը դաշտը պետք է փխրեցնել, կատարել նախացանքային կուլտիվացիա և դարձյալ փոցխել: Արևածաղկի ցանքը գարնանը անհրաժեշտ է կատարել հնարավորինս վաղ, քանի որ բազմաթիվ փորձերով ապացուցված է որ ուշ ցանքի դեպքում թե’ սերմի, և թե’ կանաչ զանգվածի բերքը խիստ ընկնում է: Ցանքը ուշացնելիս ընկնում է նաև յուղայնության տոկոսը և վատանում է նրա որակը: Արևածաղկի ցանքը պետք է կատարել շարային և քառակուսի բնային եղանակով: Շարային եղանակի դեպքում միջշարային տարածությունը սահմանում են 60-70 սմ, իսկ միջբուսային տարածությունը՝ 30-35 սմ: Քառակուսի բնային եղանակով ցանքս կատարելու դեպքում նպատակահարմար է միջշարքային և միջբնային տարածությունները սահմանել 70×70 սմ, յուրաքանչյուր բնում թողնելով 2 բույս: Ցանքի նորման կազմում է 5 կգ /հա: Բավարար խոնավության պայմաններում սերմը ցանել 6-7 սմ խորության վրա, իսկ անբավարար խոնավության դեպքում 8-10 սմ խորության վրա: Վեգետացիայի ընթացքում կատարել 2-3 փխրեցում: Արևածաղկի բերքահավաքը իրականացնել, երբ զամբյուղների 60-65 %-ը գորշացել են: Սիլոսի համար բերքահավաքը կատարել զամբյուղների առաջանալու և հատ ու կենտ ծաղիկներ երևալու շրջանում: Փոշոտումն ավելի լավ կատարվելու նպատակով, դաշտ պետք է տեղափոխել մեղվաընտանիքներ, 1.0 հա համար՝ 100-150 փեթակ: Արևածաղիկը վնասվում է վնասատուների և սնկային հիվանդությունների կողմից, վերջիններիս վնասակարության հետևանքով ընկնում է բերքի որակը և քանակը: Վնասակար օրգանիզմների դեմ պայքարը պետք է սկսել ցանքաշրջանառությամբ, հաշվի առնելով նախորդ կուլտուրան, կատարել կոմպլեքս պարարտացում, խուսափել միակողմանի ազոտական պարարտանյութերից, ընտրել որակյալ և ախտահանված սերմացու, ցանքսը կատարել օպտիմալ ժամկետներում, դաշտը մաքուր պահել մոլախոտերից:
Քիմիական պայքար: Սերմացուն ենթարկել նախացանքային ախտահանման կոմպլեքս վնասատուների դեմ՝ Կրույզեր պատրաստուկով 10լ/տ չափաբաժնով: Լարաթրթուրներով վարակված դաշտերում պայքարը անհրաժեշտ է սկսել, երբ հողում 1մ2 վրա առկա է 3 թրթուր: Մինչև ցանքսը կամ ցանքի հետ համատեղ հող մտցնել Ռեգենտ կամ Ադոնիտ — 10կգ/հա՝ հողաբնակ վնասատուների դեմ: Լվիճներով, շվեդական ճանճով, բվիկներով, մարգագետնային թիթեռիկով, հրաթիթեռներով վնասված ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Կորագեն-150-200գր/հա, Ավանտ-200- 300գր/հա, Դեցիս բլյու-600-700գր/հա, Էֆորիա- 150-200գր/հա, Ակտարա- 100- 150գր/հա: Մորեխներով վարակված դաշտերում սրսկել՝ Ֆյուրի-100-150գր կամ Ֆաստակ -100-150գր կամ Ադոնիս-100-150գր: Սնկային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները պետք է սկսել արևածաղկի սերմացուի նախացանքային ախտահանմամբ՝ Ռովրալ-4լ/տ ծախսի նորմայով: Ժանգերի և ալրացողի դեմ ցանքսերը սրսկել նշված պրեպարատներից որևէ մեկով՝ Բայլետոն (Բայլեֆոն)-0.5-1 կգ/հա, Տիլտ-0.5-1լ/հա, Ֆալկոն- 0.6-0.8լ/հա: Կեղծ ալրացողային սնկերի դեմ կիրառել՝ Անտրակոլ-2կգ/հա, Օպտիմո- 0.5-1լ/հա, կամ Պիկտոր-0.5լ/հա: