ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳՈՒ ՀԻՄՆՈՒՄԸ
29/03/2018
Առանձին պտղատեսակների համար տեղի ճիշտ ընտրությունը հանդիսանում է ապագա այգու նորմալ և բարձր բերքատվության բախտորոշ գործոններից մեկը: Այգու տեղի ընտրության և այգու հիմնման ժամանակ թույլ տրված սխալները հետագայում գործնականում հնարավոր չէ ուղղել:Պտղատու ծառերը լավ են աճում մինչև 6-80 թեքություն ունեցող հողատարածքներում: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հարավային թեքություններն ավելի չորային են և, բացի այդ, այդտեղ գիշերվա ու ցերեկվա միջև եղած ջերմաստիճանների տատանումներն ավելի ուժեղ են արտահայտվում, ինչի հետևանքով ծառերի բնի ու կմախքային ճյուղերի կեղևը հաճախ վնասվում են արևահարումներից: Վաղ ծաղկող պտղատեսակների համար մեծ վտանգ են ներկայացնում փակ հովիտներն ու փոսորակները, ուր կուտակվում և երկար ժամանակ մնում է սառը օդը, ինչի հետևանքով հաճախ, ձմռան ընթացքում, տեղի են ունենում պտղաբողբոջների, իսկ գարնանը` ծաղիկների ցրտահարում: Այգու տնկման համար ընտրված հողամասը պետք է պաշտպանված լինի քամիների ուժեղ հոսանքներից: Հողի նկատմամբ տարբեր պտղատեսակներ ունեն տարբեր պահանջ: Կորիզավոր պտղատեսակները լավ աճում են ջրաթափանց, կավավազային հողերում: Հնդավորները լավ են աճում ջրաթափանց շագանակագույն հողերում, սևահողերում: Սերկևիլենին կարող է աճել նաև թույլ աղակալվածություն և գերխոնավություն ունեցող հողերում: Ընկուզենին լավ է աճում ձորերի և ձորակների, խոնավությունը լավ պահպանող՝ կավավազային հողերում: Ընկուզենին, նշենին կարող են աճել համեմատաբար չոր և, նույնիսկ, քարքարոտ հողերում: Նռնենին բավականին չորադիմացկուն է և լավ է զարգանում տարբեր տիպի հողերում:
Պտղատու ծառերի տեղաբաշխումը: Խորհուրդ է տրվում ծառերի տնկման ուղղանկյուն եղանակը, այսինքն՝ շարքերի միջև թողնել ավելի մեծ հեռավորություն, քան ծառերի միջև, օրինակ` 7 x 5, 7 x 4, 6 x 4, 5 x 3 մ և այլն: Տեղաբաշխման այս եղանակը հնարավորություն է տալիս միավոր տարածությունում տեղադրել ավելի մեծ քանակությամբ ծառեր: Բացի այդ, հնարավոր է լինում միջշարքային տարածություններում խնայել 2-2.5 մ ազատ տարածություն, որը թույլ է տալիս լավացնելու ծառերի պսակի լուսավորության պայմանները: Նպատակահարմար է ծառերի շարքերի ուղղությունն անել հյուսիսից հարավ: Պտղատուների մեծ մասը խաչաձև փոշոտվող բույսեր են: Յուրաքանչյուր սորտ ունի իր փոշոտող սորտը, որոնք այգում պետք են դասավորվեն շարքերով՝ այնպես, որ նպաստեն խաչաձև փոշոտմանը:
Ծառերի տնկումը Այգին հիմնում են վաղ գարնանը, մինչև վեգետացիայի սկիզբը կամ աշնանը`տերևաթափից հետո, երբ տնկանյութը գտնվում է հանգստի շրջանում: Հանրապետության դաշտային և նախալեռնային այն շրջաններում, որտեղ տևական սառնամանիքներ չեն լինում, ծառատունկը կարելի է իրականացնել տերևաթափից հետո՝ մինչև գարնանային հյութաշարժի սկիզբը: Դեղձենին, կեռասենին, թզենին, նռնենին, ձիթենին, արևելյան խուրման, նշենին ցրտադիմացկուն կուլտուրաներ չեն, հետևաբար, նրանց տնկումը պետք է կատարել գարնանը, իսկ խնձորենին, տանձենին, սալորենին, սերկևիլենին, ծիրանենին ցրտադիմացկուն են և նրանց տունկը ցանկալի է կատարել աշնանը: Այգում ծառերի տնկման փոսերը պետք է նախապատրաստել տնկումից 1.5-2 ամիս առաջ: Փոսերի խորությունը պետք է լինի 50-60 սմ, լայնությունը՝ 50-60սմ (ՆԿ. 1): Տնկելուց առաջ արմատային համակարգի վրա եղած չորուկները, վնասվածքները, ուռուցքներն անհրաժեշտ է հեռացնել, 30-40 սմ-ից երկար առանցքային արմատը կամ կողային արմատները պետք է կարճացնել: Արմատների վնասված ծայրերը հեռացնել 2-3 սմ խորությամբ և ախտահանել պղնձարջասպի լուծույթով (10լ ջրին ավելացնել 100գ պղնձարջասպ): Տնկին փոսում տեղադրելիս անհրաժեշտ է, որ արմատավզիկը փոսի մակերեսից բարձր լինի 2-3 սմ: Տնկիների կպչողականությունը բարձրացնելու համար արմատային համակարգն ընկղմել կավահողից և ջրից պատրաստված սուսպենզիայի մեջ կամ օգտագործել աճի խթանիչներ, ինչպիսինն է Ռութ քինգ պատրաստուկը, որը նպաստում է վնասված, տեղափոխությունից հետո մասամբ չորացած արմատային համակարգի արագ վերականգմանը: Տնկիները ցրտերից պաշտպանելու համար տնկելուց և ջրելուց անմիջապես հետո մուլչապատել: Նորատունկ ծառի էտը նպատակահարմար է իրականցնել գարնանը: Հեռացնել բոլոր թույլ շիվերը, թողած ճյուղերը, եթե ունեն 70-80 սմ երկարություն՝ կարճացնել կիսով չափ, իսկ ավելի կարճ ճյուղերն էտել մեկ երրորդի չափ: Կենտրոնական ուղեկցողը էտել 15-25 սմ-ով ավելի երկար, քան կողային հիմնական ճյուղերը:
Ծառերի Էտը – Ժամանակին և ճիշտ կատարված էտը հնարավորություն է տալիս ճիշտ կառուցել ծառի պսակը, ակտիվ վիճակում պահել ծառերի աՃեցողությունն ու պտղաբերությունը, թուլացնել պտղաբերության պարբերականությունը, հեշտացնել պայքարի միջոցառումների աշխատանքները և բերքահավաքը: Ըստ կատարման ժամկետների, էտը կարելի է կատարել ծառերի հանգստի շրջանում (ձմեռային էտ) և վեգետացիայի ընթացքում (ամառային էտ): Ձմեռային էտը կարելի է կատարել հանգստի ողջ ընթացքում ՝ տերևաթափից 10-15 օր հետո և վերջացնել մինչև բողբոջների ուռչելը: Առաջին հերթին էտել ցրտադիմացկուն պտղատեսակները և աստիճանաբար շարունակել էտել համեմատաբար պակաս ցրտադիմացկուն սորտերը: Էտը պետք է կատարել ամեն տարի: Ամառային էտի լավագույն ժամկետ է համարվում, երբ շիվերի աճը կազմում է 25-30 սմ: Կանաչ էտի նպատակն է կարգավորել ծառերի աճը, նպաստել մեծ թվով աճակալող և պտղաբերող ճյուղերի առաջացմանը: Կանաչ էտի ժամանակ հիմքից պետք է հեռացնել դեպի սաղարթի ներսը գնացող, ինչպես նաև կմախքային ճյուղերի վրա ուղղահայաց աճող ուժեղ շիվերը: Անհրաժեշտ է հեռացնել նաև բնի հիմքից առաջացած մացառները: Հիմնականում կիրառվում է էտի 2 եղանակ` կարճացում և նոսրացում: Կարճացնելիս հեռացվում են ծառերի ճյուղերի և շվերի երկարության որոշ մասը կամ ուղղակի ծայրերը: Կարճացումը պետք է կատարել զարգացած բողբոջից և շվից վերև: Նոսրացման ժամանակ անհրաժեշտ է լրիվ հեռացնել միևնույն տեղից աճած, համեմատաբար թույլ, իրար խանգարող, ստվերում գտնվող ճյուղերը: Հնդավոր պտղատեսակների պտուղներն առաջանում են պտղագոյացումների գագաթի բողբոջից, իսկ կորիզավորների մոտ պտղաբերումը տեղի է ունենում շիվերի փնջաճյուղերի, նիզակների կողային բողբոջներից: Կորիզավոր պտղատեսակների մոտ գագաթնային բողբոջը վեգետատիվ է, որի շնորհիվ շարունակվում է առաջընթաց աճը:
Ծառերի երիտասարդ հասակում էտը կատարում են ծառի ձևավորման համար: Կյանքի սկզբնական շրջանում ծառերի ուժեղ էտը, առանձնապես շիվերի խոր կարճացումը նպաստում է աճի ուժեղացմանը, հետաձգվում է պտղաբերող ճյուղերի առաջացումը: Ձևավորման տարիներին հիմնականում կատարել նոսրացում և ծերատում, երբ շիվերի աճը հասնում է 40-50 սմ-ի, մինչև 35-40 սմ աճերը չծերատել: Բերքատվության սկզբնական շրջանում, երբ դեռևս աճն ուժեղ է, 40-45 սմ-ից բարձր աճ ունեցող շվերը կարճացնել ¼ -1/3 չափով, կատարել նաև նոսրացում: Երբ աճը սկսում է թուլանալ և կազմում է 30-35 սմ, անհրաժեշտ է շվերի կարճացումը դադարեցնել և կիրառել միայն նոսրացում, սակայն երբ աճը թուլանում է և կազմում է 15-20 սմ, անհրաժեշտ է նորից կատարել շիվերի և ճյուղերի կարճացում՝ նպաստելով աճի ուժեղացմանը և նոր պտղաճյուղերի առաջացմանը: Էտի եղանակը մեծապես կախված է տեսակի և սորտի առանձնահատկություններից:
Կապված հասակի հետ, ծառերի սաղարթը ձգվում է վեր, մերկանում են կմախքային ճյուղերը, պտղաբերությունը հիմնականում կենտրոնանում է սաղարթի ծայրամասերում, ճյուղերը չորանում են: Այս դեպքում են իրականացնում երիտասարդացման էտ, որը լինում է թույլ, չափավոր և ուժեղ: Թույլի ժամանակ կմախքային և կիսակմախքային ճյուղերը պետք է կարճացնել 2-3 տարեկան բնափայտի վրա: Նոսրացնել հիվանդ, չորացած ճյուղերը: Չափավոր երիտասարդացման ժամանակ ճյուղերը կարճացնել 4-6 տարեկան բնափայտի մոտից, նոսրացումը կատարել` ինչպես թույլ երիտասարդացման ժամանակ: Ներկայումս ուժեղ երիտասարդացում խորհուրդ չի տրվում կատարել, նպատակահարմար է ծերացած ծառերը արմատահան անել և տեղը հիմնադրել նորերը: Ծառերի երիտասարդացման ժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել այգու խնամքի աշխատանքները (սնուցում, ոռոգում), հակառակ դեպքում, այն կբերի բացասական հետևանքների: