ՀԱՃԱԽ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ Է ԿԱՆԽԵԼ, ՔԱՆ ՊԱՅՔԱՐԵԼ
29/03/2018
Երկրում գյուղատնտեսական մթերքների արտադրությունը բարձր մակարդակի հասցնելու և մթերքների առատություն ստեղծելու գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսության վարման գիտականորեն հիմնավորված միջոցառումների համալիր մշակումը: Ժամանակակից երկրագործության ցանկացած գիտականորեն հիմնավորված համակարգ պետք է կրի հողապաշտպան բնույթ: Հողի մշակումը հատուկ մեքենաների և գործիքների միջոցով նրա վրա ներգործելն է, որի գլխավոր նպատակն է ստեղծել լավագույն պայմաններ մշակաբույսերի աճի, զարգացման և բերքատվության համար: Հողի օգտագործումն էապես ազդում է հողի հատկությունների և բերրիության վրա, ուստի հողային պաշարների հետ պետք է վարվել բացառիկ խնամքով, մշտապես հոգ տանել դրանց բերրիության պաշտպանման և բարձրացման մասին: Գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի բարելավման համար անհրաժեշտ է սահմանել պետական վերահսկողություն և կազմակերպել դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա պարզաբանել հողում տեղի ունեցող փոփոխությունները և ժամանակին վերացնել հողում առաջ եկող բացասական երևույթների հետևանքները: Բոլոր հողատիպերում անհրաժեշտ ագրոմիջոցառումներ կիրառելով՝ կարելի է հասնել հողերի արտադրողականության բարձրացմանը: Հաճախ ավելի հեշտ է կանխել, քան պայքարել: Հատկանշական է մոլախոտային բուսականությամբ աղտոտված դաշտերի խնդիրը: Մոլախոտերը մշակաբույսերից խլում են մեծ քանակությամբ սննդատարրեր, օգտագործում են արմատաբնակ շերտի խոնավությունը, օգտագործելով ջրի մեծ քանակություն, չորացնում են հողը և երաշտի պատճառ դառնում, հանդիսանում են նաև հիվանդությունների և վնասատուների զարգացման և տարածման օջախ: Արդյունավետ պայքար կազմակերպելու համար պետք է իմանալ, որ մոլախոտերի սերմնատվությունը շատ բարձր է և սերմերը երկար տարիներ պահպանում են իրենց ծլունակությունը, օրինակ` թելուկի մեկ բույսը տալիս է 100 հազար սերմ, որոնք իրենց կենսունակությունը պահպանում են 25 տարի: Շատ սերմեր, ունենալով բազմազան հարմարանքներ, տարածվում են քամու և ոռոգման ջրերի միջոցով: Այսպիսով, մոլախոտերը դաշտ են վերադառնում ոռոգման ջրերի միջոցով, սխալ ագրոտեխնիկայի կիրառման դեպքում: Խնդրի լուծման համար ոռոգելի երկրագործության մեջ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ կաթիլային ոռոգման համակարգերի կիրառությանը:
Ոռոգման այս եղանակը հիմնված է բույսի արմատային համակարգին ջրի անմիջական մատուցման սկզբունքի վրա: Այն արդյունավետ է բոլոր բույսերի ոռոգման համար և նպատակահարմար ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ արդյունաբերական մասշտաբներով արտադրությունների համար: Համակարգը նախատեսված է մշակաբույսի զարգացման գոտում հողի տեղային (լոկալ) խոնավացման համար: Այս մեթոդը ենթադրում է փոքր չափաբաժիններով ջրի անմիջական մատակարարում բույսերի արմատամերձ գոտի՝ կաթիլային բաշխիչների միջոցով, ինչի հետևանքով միջշարային տարածությունները մնում են չոր, որտեղ հետագայում մոլախոտային բուսականություն չի աճում: Քանի որ մոլախոտերը միաժամանակ զանազան վնասատուների և հիվանդությունների զարգացման և տարածման օջախ են հանդիսանում, հետևաբար նրանց բացակայության հետևանքով նվազագույնի է հասնում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Կաթիլային ոռոգման համակարգի կիրառման դեպքում նկատվում է բերքատվության աճ 20-50%-ով և ծախսերի կրճատում 30-50 %-ով, դաշտում ջրի հավասարաչափ բաշխում և ջրի տնտեսում 30-60%-ով, օդի փոխանակության լավացում և բույսի առողջ աճի ապահովում: