ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
30/01/2020
Հողի ընտրությունը և նախապատրաստումը
Կարտոֆիլի համար լավագույն նախորդներն են՝ բազմամյա խոտաբույսերը, բանջարանոցային, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերը:
Ցանքատարածությունների համար պետք է առանձնացնել ջրովի, հզոր վարելաշերտ ունեցող, թեթև ավազակավային հողեր: Հողի նախապատրաստումը սկսում են նախորդ մշակաբույսի վեգետացիայի ավարտից հետո, կատարելով խոզանի երեսվար՝ 5-6սմ խորությամբ: Դրանից 20-25 օր հետո կատարվում է ցրտահերկ՝ 25-30սմ խորությամբ, նախօրոք կատարելով հիմնական պարարտացում՝ (40-45տ/հա օրգանական պարարտանյութ, 300-600 կգ/հա հատիկավորված սուպերֆոսֆատ և 200-300 կգ/հա կալիումական աղ): Եթե այս աշխատանքը աշնանը չի կատարվել, ապա այն պետք է կատարել վաղ գարնանը: Վաղ գարնանը կատարում են նաև կրկնավար՝ 16-18 սմ խորությամբ, կամ կուլտիվացիա՝ 12-15 սմ խորությամբ:
Տնկանյութի նախապատրաստումը
Գարնանը տնկանյութը տեսակավորվում է, հեռացվում բոլոր նեխած, վնասված, հիվանդություններով և վնասատուներով վարակված, բարակ ծիլեր ունեցող պալարները և մնացածի վրայից՝ երկար ծիլերը: Տնկումից առաջ տնկանյութը ախտահարվում է և լուսակոփվում:
Ցանքի նորման, խտությունը, բույսերի թիվը և ժամկետները
Տնկումը կատարում են 70 սմ միջշարային և 22-24 սմ միջբույսային տարածությամբ, 6-8 սմ խորությամբ: Այս դեպքում մեկ հեկտարի համար կպահանջվի 3.5-4.0 տ բարձրորակ տնկանյութ և կապահովվի 55-60 հազ. բույս: Տնկումը անհրաժեշտ է կատարել, երբ վարելաշերտի 10 սմ խորության վրա ջերմաստիճանը 10օC — 12օC է:
Պայքար հողաբնակ վնասատուների դեմ
Հողաբնակ վնասատուների (լարաթրթուր, արջուկ և այլն) դեմ պայքար պետք է կազմակերպել տնկմանը զուգընթաց, 5-15 սմ խորությամբ հող մտցնելով անհրաժեշտ համապատասխան թունանյութեր:
Պայքար մոլախոտերի դեմ
Տնկումից հետո մինչև կարտոֆիլի ծիլ տալը մոլախոտերի դեմ պայքարում են ներքոհիշյալ հերբեցիդներից որևէ մեկով՝ պրոմետրին 2-4 կգ/հա, գեզագարդ 3-4 կգ/հա, ֆենագոն 1 կգ/հա, զենկոր 0,75-1,5 կգ/հա: Ծախսի նորման մեծ չափով կախված է հողի մեխանիկական կազմից:
Կարտոֆիլի մշակությունը (կուլտիվացիա, բուկլից, քաղհան և սնուցումներ)
Կարտոֆիլի առաջին միջշարային մշակությունը՝ կուլտիվացիան, կատարում են 8-10 սմ խորությամբ, երբ դաշտը համատարած ծիլ է տվել (ծիլերի երկարությունը 5-8սմ է), երկրորդ քաղհան փխրեցման փոխարեն, մինչև բույսերի կոկոնակալումը կատարում են բուկլից, երրորդը՝ 13-15 սմ խորությամբ, շարքերը փակվելուց առաջ: Միջշարքային տարածությունների մշակությունների հետ միաժամանակ անհրաժեշտ է տալ սնուցումներ, ամոնիակային պարարտանյութով՝ 2-3 անգամ, ընդհանուրը՝ 60-90 կգ ազդող նյութի հաշվով:
Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ
Ցանքաշրջանառության կիրառումը, ճիշտ պարարտացումը, առողջ, ախտահանված, լուսակոփված տնկանյութով տունկ կատարելը կանխում է ցանքատարածություններում հիվանդությունների և վնասատուների տարածումը:
Կոլորադյան բզեզ -վեգետացիայի սկզբում կազմակերպվում է բզեզի առաջին սերնդի թրթուրների և բզեզների մեխանիկական պայքար (ձեռքով հավաք): Վեգետացիայի ընթացքում օգտագործվում է արիվո 5մլ, սումի-ալֆա 5մլ, դեցիս 5մլ, ֆաստակ 3մլ, դուրսբան 3մլ, կարատե 3մլ, բուլդոկ 6մլ, բորեյ 4մլ, տանրեկ 3մլ, շարպեյ 4մլ ( 10լիտր ջրի հաշվով) պատրաստուկներից որևէ մեկը: Սրսկումն ավելի արդյունավետ է կատարել, երբ ի հայտ են գալիս առաջին նշանները: Կամ տնկանյութը ախտահանել պրեստիժ 1լ/տ, իդիկում 3-4,5լ/տ, սինկլեր 0,2-0,,3լ/տ, տաբու 0,08-0,1լ/տ, տաբու սուպեր 0,4-0,6լ/տ, ՏՄՏԴ 4-5լ/տ չափաբաժնով:
Կարտոֆիլի ֆիտոֆտորոզ, ալտերնարիոզ, մակրոսպորիոզ -առաջին նախազգուշական սրսկումն կատարվում է բույսերի կոկոնակալման, ծաղկման սկզբին, երբ օդի ջերմաստիճանը 18օC — 20օC է և բարձր է օդի հարաբերական խոնավությունը: Հաջորդ սրսկումները կատարվում են հիվանդության նշանները երևալուց հետո, ներքոհիշյալ պատրաստուկներից որևէ մեկով ռիդոմիլ գոլդ ՄՑ67, ռիդոմիլ ՄՑ72՝ 2,5-2,6կգ/հա, անտրակոլ 17կգ/հա, պղնձի քլորօքսիդ՝ 4կգ/հա, օքսիխոմա՝ 0,3կգ/հա, պոլիկարբացին՝ 0,3կգ/հա, բենորադ՝ 0,5-1 կգ/հա, կումիր՝ 5լ/հա, մետակսիլ՝ 2-2,5կգ/հա, օրդան՝ 2-2,5կգ/հա, ռայոկ՝ 0,3-0,4 լ/հա, տալանտ՝ 2,2-3լ/հա, տիրադա՝ 3-4լ/հա նորմայով:
Կարտոֆիլի վիրուսային հիվանդությունների փոխանցողներն են՝ լվիճները, լվիկները, բզեզները և այլն: Վեգետացիայի ընթացում անհրաժեշտ է պայքար տանել ծծող վնասատուների դեմ:
Կարտոֆիլի ոռոգում
Կարտոֆիլը վեգետացիայի ընթացքում պետք է ջրել 5-7 անգամ: Լավ է ջրել, երբ թփերը ստանում են մուգ կանաչ գույն: Սովորաբար առաջին անգամ ջրում են կոկոնակալման փուլում:
Կարտոֆիլի բերքահավաք
Կարտոֆիլի բերքահավաքն կատարում են չոր եղանակին, երբ փրերը սկսել են չորանալ, պալարները հասունացել են և հեշտությամբ անջատվում են ընձյուղներից: Երբ փրերը կանաչ են , բերքահավաքից 4-6 օր առաջ պետք է այն հնձել:
Սերմնադաշտում կատարվող լրացուցիչ աշխատանքներ
Կարտոֆիլի սերմադաշտերում վեգետացիայի ընթացքում երեք անգամ կատարվում է սորտային քաղհան՝ ծլման, ծաղկման փուլերում ու փրերի չորանալուց առաջ: Քաղհանների ժամանակ անհրաժեշտ է դաշտից հեռացնել այլ սորտերի խառնուրդները, գաճաճ և թերաճ, հիվանդություններով վարակված բույսերը (կնճռոտ և զոլավոր խայտաբղետություն, տերևների ոլորում, գանգրոտություն, սևոտիկ, օղակաձև փթում և այլն):
Բերքի տեսակավորումը և պահեստավորումը
Բերքահավաքից հետո բերքը անհրաժեշտ է տեսակավորել, մաքրել կողմնակի խառնուրդներից, վնասված ու հիվանդ պալարներից և ըստ մեծության բաժանել 3 ֆրակցիաների: Խոշորները՝ պարենային, միջին պալարները՝ (50-80գրամ) տնկանյութ, իսկ մանրները՝ անասնակեր: Առանձնացված տնկանյութը նախքան պահեստավորելը 8-10 օր փռում են ծածկի տակ՝ լուսակոփելու: Ձմռանը կարտոֆիլը պահում են հատուկ պահեստներում՝ +3օC-ից ոչ պակաս ջերմության և լավ օդափոխության պայմաններում: