ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
27/01/2016
Հացազգի մշակաբույսերը հողի սննդանյութերի նկատմամաբ պահանջկոտ բույսեր են: Աճի առաջին շրջանում մեծ պահանջ են զգում ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, իսկ վեգետացիայի երկրորդ կեսում` ազոտական պարարտանյութերի նկատմամբ: Աշնանացան ցորենի պարարտացման ժամկետները ու նորմերը սահմանելուց պետք է հաշվի առնել հողի բերրիության և խոնավության աստիճանը և նախորդները: Ազոտական պարարտանյութերը ջրի միջոցով կարող են լվացվել ու հեռացվել: Այդ է պատճառը, որ պարարտանյութը աշնանը տրվում է ցանքակից կամ սնուցումների ձևով: Վեգետացիայի ընթացքում աշնանացան հացահատիկի դաշտերը սնուցելու համար անհրաժեշտ է մոտավորապես 250-260 կգ ամոնիակային սելիտրա, որը անհրաժեշտ է դաշտ մտցնել երկու նվագով` տեղումներից կամ ոռոգումից առաջ, ինչպես նաև սնուցումից առաջ ցանկալի է դաշտը մաքրել մոլախոտային բուսականությունից:
Առաջին սնուցումն անհրաժեշտ է իրականացնել վաղ գարնանը՝ օգտագործելով մոտավորապես 100կգ ամոնիակային սելիտրա: 15-20 օր հետո կատարել երկրորդ սնուցումը՝ օգտագործելով 150 կգ պարարտանյութ: Աշնանացան ցորենի ազոտական սնուցման որպես երկրորդ եղանակ առաջարկվում է հետևյալ տարբերակը: Նախատեսել մոտ 300 կգ ամոնիակային սելիտրա, որից 40-50 կգ պարարտանյութը տալ աշնանը ցանքակից եղանակով: 100 կգ պարարտանյութն օգտագործել որպես վաղ գարնանային սնուցում, իսկ մնացած 150 կգ-ը՝ որպես երկրորդ սնուցում:
Բարձր և որակյալ բերք ստանալու համար երկրորդ սնուցումից հետո կատարել տերևային սնուցում: Որպես տերևային սնուցիչ կարելի է օգտագործել 3-5 կգ/հա չափաբաժնով կրիստալոն (18-18-18+3) կամ կրիստալոն (20-20-20): Տերևային սնուցումը, անհրժեշտության դեպքում, կարելի է համատեղել վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի հետ:
Սյուզաննա Սարգսյան