Սերմնաբուծություն
Գյուղատնտեսական արտադրության հիմնական խնդիրներից մեկը կուլտուրական բույսերի բերքատվության բարձրացումն է: Բերքատվության բարձրացման միջոցները բազմազան են, որոնց թվում որոշակի դերը պատկանում է սերմացուին: Բարձր բերքի հիմնական ուղին լավագույն սերմացուն է ագրոտեխնիկայի օպտիմալ պայմաններում: Բարձր բերքատու և բերքի բարձր որակով օժտված, պառկելու և սնկային հիվանդությունների հանդեպ դիմացկուն, տեղի պայմաններին հարմարված սորտերի բուծումը հանդիսանում է բերքատվության բարձրացման և գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնական ուղին:
Սերմնաբուծության հիմնական օբյեկտը սորտն է: Սորտ կոչվում է կենսաբանական տնտեսական միանման հատկանիշներով ու հատկություններով օժտված բույսերի խումբը, որը կարող է մշակվել որոշակի հողակլիմայական պայմաններում և կոչված է ծառայելու կոնկրետ տնտեսական նպատակների:
Այն սերմացուն, որն իր մաքրությամբ, ծլունակությամբ, մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների հարուցիչներով չի համապատասխանում պետական սերմնային ստանդարտին համարվում է ոչ կոնդիցիոն:
Հանրապետությունում, այսօրվա դրությամբ, ԱՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման և սերմերի որակի ստուգման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միակ կառույցն է, որը սերմերի վերարտադրության նպատակով զբաղվում է սերմնաբուծությամբ: Ընկերությունը՝ սկսած 2002 թվականից, իրականացնում է աշնանացան ցորենի, գարու, տրիտիկալեյի, աշորայի, հլածուկի, եգիպտացորենի, հատիկաընդեղեն, յուղատու, տեխնիկական և բանջար-բոստանային մշակաբույսերի պետական փորձարկումներ:
«Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ կողմից աշնանացան ցորենի առաջնային սերմնաբուծության նպատակով 2019 թվականի բերքի տակ ցանվել էր 189,71 հեկտար ցորեն, հավաքվել է 348,44 տոննա բերք` ֆիզիկական քաշով, որից ստացվել է 280.97 տոննա աշնանացան ցորենի Կրասնոդարսկայա 99 սորտի I վերարտադության սերմացու, ինչպես նաև 47,34 տոննա անասնակեր: Ընկերության կողմից իրականացվել է 400 նմուշ գյուղատնտեսական սերմերի լաբորատոր փորձաքննություն, այդ թվում. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսեր` 345 նմուշ, յուղատու և տեխնիկական մշակաբույսեր` 15 նմուշ, կերային խոտեր` 10 նմուշ, բանջար-բոստանային մշակաբույսեր` 30 նմուշ և 36 միավոր գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկում:
«Սերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն» ՓԲԸ գործունեության ծրագրերում, պետական պատվերի շրջանակներում, 2020թ. նախատեսվում է իրականացնել 400 նմուշ գյուղատնտեսական սերմերի լաբորատոր փորձաքննություն, 36 միավոր գյուղատնտեսական մշակաբույսերի սորտափորձարկում, սելեկցիոն նվաճումների գրանցամատյանի հրապարակում և սերմերի հավաստագրման գործընթացի կանոնակարգում: