|
Եգիպտացորենի մշակությունը
Եգիպտացորենը բարձր բերքատու եւ բարձրարժեք պարենային ու կերային մշակաբույս է: Կանաչ զանգվածը հյութալի կեր է անասունների համար: Կողրերի կաթնամոմային հասունացման փուլում հավաքված զանգվածը սիլոսացնելիս ձմեռային շրջանի լավ հյութալի կեր է ծառայում: Հատիկը որպես խտացրած կեր մանրացված վիճակում կարող է տրվել գյուղատնտեսական բոլոր կենդանիներին եւ թռչուններին: Կաթնամոմային փուլում տալիս է կանաչ զանգվածի ամենից բարձր բերքը` 500 – 800 ց/հա եւ ավելի: Հատիկի բերքը կարող է հասնել 60 – 80, լավ մշակության դեպքում մինչեւ 100ց/հա եւ ավելի: Եգիպտացորենը լավ է աճում ու բարձր բերք է տալիս փուխր ու բերրի հողերում: Նրա համար հողի նախապատրաստման հիմնական եղանակը ցրտահերկային մշակությունն է: Այն սկսվում է նախորդի բերքահավաքից անմիջապես հետո (ոչ ուշ` քան հինգ օրվա ընթացքում) խոզանի 8 – 12սմ խորությամբ երեսվարով` գութանով կամ սկավառակային երեսվարիչով: Խոզանի երեսվարը կարեւոր միջոցառում է եւ մի քանի դրական դեր է կատարում: Այն է. ա) երեսվարով ստեղծված վերին փուխր շերտը պաշտպանում է հողը հետագա չորացումից, չի թողնում ճաքճքի, որի շնորհիվ հաջորդող խոր վարը հեշտ ու որակով է ստացվում (առանց խոշոր կոշտերի): բ) հողի հետ խառնելով մոլախոտերի թափված սերմերը, նրանց համար ծլման նպաստավոր պայմաններ է ստեղծում, որոնք ծլելուց հետո ոչնչացվում են խոր ցրտավարով: գ) երեսվարով ոչնչացվում են բերքահավաքից հետո աճը շարունակող մոլախոտերը: դ) ծղոտի ու այլ բուսական մնացորդները մասնակի ձեւով խառնվելով հողին, չեն խանգարում հետգա ցրտավարին: ե) փխրեցված մակերեսը նպաստում է անձրեւաջրերի լավ թափանցելուն հողի մեջ եւ այլն: Հողի նախապատրաստման հաջորդ գործողությունը ցրտահերկն է: Այն պետք է կատարել ամեն մի կլիմայական գոտում լավագույն ժամկետում, երբ աշնանացանը ավարտվել է, տեղումներից հետո մոլախոտերը համատարած հայտնվել են, իսկ հողը քեշի վիճակում է: Որքան շուտ կատարվի ցրտավարը, այնքան հետագա բերքը բարձր կլինի: Ցրտավարը լավ է կատարել միաժամանակյա փոցխումով (զիգզագով) եւ 25 – 27 – 32 սմ խորությամբ, կախված վարելաշերտի հզորությունից: Բավարար պարարտացման դեպքում եգիպտացորենը 2-3 տարի շարունակ կարող է մշակվել նույն տեղում: Նրանից հետո ցողունային մնացորդները, արմատաճիմերը հաճախ խոչնդոտում են հողի որակով մշակմանը: Ուստի եգիպտացորենից հետո նախ պետք է դաշտը սկավառակել երկու փոխուղղահայաց ուղղություններով` բուսական մնացորդները մանրելու համար, իսկ 2-3 շաբաթ հետո, կամ տեղումներից հետո` հողի քեշի եկած ժամանակ կատարել ցրտավարը, ոչ պակաս 25-27 սմ խորությամբ: Եգիպտացորենը բերքի հետ հողից ավելի շատ սննդատարրեր է վերցնում, քան ցորենը կամ գարին: Ուստի բարձր բերք աճեցնելու համար եգիպտացորենը պետք է պարարտացնել, հատկապես, երբ այն մշակվում է ոռոգման պայմաններում: Հենց ոռոգումը եւ պարարտացումը համատեղ օգտագործելով հնարավոր է դառնում ավելի բարձր բերքի ստացումը: Պարարտացման օպտիմալ նորմա է ազդող նյութի հաշվով N60-90 P60-90 K60 քանակությունը կամ ծավալային` հատիկավորված սուպերֆոսֆատի կամ ամոֆոսի 150 կգ եւ ավել, ամոնիումային սելիտրայի 200 կգ-ից ավել և կալիումական աղի 100 կգ չափաքանակները: Հատիկավորված սուպերֆոսֆատ և կալիումական պարարտանյութեր տալ աշնանը վարից առաջ: Ֆոսֆորը նպաստում է հզոր արմատային համակարգի ստեղծմանը, արագացնում է հասունացումը, նվազեցնում բույսի պահանջը ջրի նկատմամբ: Ֆոսֆորի բավարար առկայությունը հողում նպաստում է բույսի կողմից ազոտի ավելի լավ յուրացմանն ու արդյունավետ օգտագործմանը, որի շնորհիվ բարձր բերք է ձեւավորվում: Վեգետացիայի ընթացքում, 5-6 և 8-9 տերև փուլում, մոլախոտերի կամ վնասատուների դեմ սրսկումների ժամանակ բույսերին տալ նաև միկրոպարարտանյութեր (կամ տերևային սնուցիչներ) յուրաքանչյուր անգամ, 2-2.5 կգ/հա նորմայով: Ամոնիումային սելիտրան տրվում է աճող բույսերին, սնուցման կարգով, նոսրացումից ու մոլախոտերի ոչնչացումից հետո, հողի խոնավ ժամանակ, կամ միջշարային փխրեցման հետ, որից հետո ջրվում է: Արդյունավետ է ցրտահերկի տակ հնեցրած ու փտած գոմաղբ տալը, հատկապես ծանր կավային, շուտ քարացող հողերում: Օպտիմալ է 20 – 40տ/հա նորման: Գարնանը մոլախոտերի համատարած հայտնվելու հետ կատարվում է առաջին կուլտիվացումը եւ փոցխումը (միաժամանակ)` 12 – 14 սմ խորությամբ: Այս գործողությունը չպետք է ուշացնել, թույլ չտալով, որ մոլախոտերը հզոր արմատներ ձգեն: Եթե մոլախոտեր չկան, կարելի է կուլտիվացումը փոխարինել սկավառակումով, որպեսզի հողը չշրջվի ու իզուր չչորանա: Այս գործողությունները պետք է կատարել վարի նկատմամբ 45օ անկյան տակ, որպեսզի դաշտը լավ հարթեցվի: Եթե ցրտավարի տակ գոմաղբ չի տրվել, ապա այն կարելի է ցրել վաղ գարնանը եւ կուլտիվացման փոխարեն կատարել սաղր` 14 – 16 սմ խորությամբ կրկնավար: Երկրորդ` նախացանքային կուլտիվացումը կատարվում է ցանքի նախօրյակին կամ հենց ցանքի օրը: Այս կուլտիվացումը կատարվում է ոչ խորը` 8 – 12 սմ խորությամբ` ծիծեռնակավոր կամ սեպաձեւ թաթիկներ ունեցող կուլտիվատորով ու միաժամանակյա փոցխումով: Դաշտը լավ հարթեցնելուն ու ջրահարմար դարձնելուն օգնում է ռամկա (մալա) քաշելը: Եգիպտացորենը ջերմասեր բույս է: Սերմերը ծլում են 10 — 12օC տաքության դեպքում: Ուստի ցանքը կատարվում է այն ժամանակ, երբ հողի վերին շերտը տաքացել է 10 -12օ : Դա համընկնում է ապրիլի սկզբից մինչև մայիսի առաջին տասնօրյակների հետ: Ցանքի ժամկետի ուշացումը նվազեցնում է հետագա բերքը: Ժամանակից շուտ, սառը հողի մեջ ցանելը եւս ցանկալի չէ, քանի որ ծլումը ձգձգվում է եւ այդ ընթացքում սերմերը կարող են նեխել կամ հիվանդանալ սնկային հիվանդություններով, որից ցանքը նոսր է ստացվում: Ցանքի ձեւը` լայնաշարք, 70 սմ միջշարքերով, իսկ շարքերում` բույսը բույսից, 25 սմ հեռավորությամբ: Ավելի խիտ ցանք կատարվում է կանաչ զանգվածի բերք վերցնելու համար: Ցանքը կարող է կատարվել 6 շարքանի վակուումային շարքացանով` կետ — գծային եղանակով, որի դեպքում ցանքի նորման կազմում է 13 — 15կգ սերմ: Այս դեպքում սերմի գերածախս չի կատարվում, իսկ հետագայում էլ նոսրացման կարիք չի լինում: Ցանքի խորությունը` 8 – 10 սմ` թեթեւ հողերում եւ 5 – 6 սմ` ծանր հողերում: Մեկ — երկու տերեւային փուլում ստուգել ցանքի խտությունը: Եթե ինչ-որ պատճառով շարքերում բույսերի նոսրություն է դիտվում, ապա կատարել լրացանք: Դրա համար սերմի մնացորդից 1-2 կգ նախօրոք մեկ օր թրջել ջրի մեջ, որպեսզի ուռչեն, իսկ հաջորդ օրը բաց մնացած արանքներում իրարից 25-30 սմ հեռավորությամբ տնկել 1-2-ական սերմ: Բույսերի 3-4 տերեւային փուլում, երբ անձրեւներից հետո հողը կեղեւակալել է, կամ քարանում է, կամ մոլախոտեր են հայտնվել, կատարել առաջին միջշարային կուլտիվացումը` 10-12 սմ խորությամբ: Առաջին միջշարային փխրեցումից ու նոսրացումից հետո եթե ցանքում մոլախոտեր կան, պետք է սրսկել հերբիցիդ` լայնատերեւ մոլախոտերին ոչնչացնելու համար: Դրա համար արդյունավետ են ֆենագոն (0,8-1,0 կգ/հա), դիալեն- սուպեր (1-1.5 լ/հա), գրոդիլ-մաքսի (0,1 կգ/հա) եւ այլ հերբիցիդները: Եգիպտացորենի ցանքերում հացազգի մոլախոտերի (մոլասորգո(քալոշ), սեզ (չայեր), խրփուկ (բռնութուղ)) դեմպետք է պայքարել Տիտուսի 0.04-0.05 կգ/հա նորմայով, որը կարելի է համատեղել ֆենագոնի և տերևային սնուցիչների հետ: Մեկ հա սրսկելու համար անհրաժեշտ է այդ քանակության նյութը լուծել 300-400լ մաքուր ջրի մեջ: Սրսկումը պետք է կատարել օրվա տաք (ոչ պակաս + 14oC) ժամերին: Անձրեւի ժամանակ, ցողի առկայության դեպքում ու ուժեղ քամու ժամանակ սրսկում չի կատարվում: Այն քիչ օգտակար կլինի: Հաջորդ երկրորդ միջշարային կուլտիվացումը կատարվում է առաջինից մոտ երկու շաբաթ հետո: Այդ կուլտիվացումը կատարվում է ոչ խորը ու միաժամանակ տրվում է ազոտային սնուցումը: Ցանկալի է հողի խոնավ վիճակում սելիտրա տալը, որպեսզի արագ լուծվի ու կորուստը քիչ լինի: Անհրաժեշտության դեպքում, եթե հողը ամրացած է, կամ միջշարքերում մոլախոտեր են հայտնվել, կարելի է կատարել երրորդ փխրեցումը` երկրորդից երկու շաբաթ հետո: Լավ է կատարել օրվա երկրորդ կեսին, երբ բույսերը քիչ թառամած են եւ տեխնիկան նրանց չի կոտրի: Եգիպտացորենից բարձր բերք կարելի է վերցնել ոռոգման պայմաններում: Ջրի նկատմամբ ամենից մեծ պահանջ եգիպտացորենը ունենում է ծաղկման սկզբից մինչեւ հատիկալիցքը (կաթնամոմային փուլը): Այդ շրջանում կարող է կատարվել երկու- երեք ջրում: Հատիկի համար բերքը հավաքվում է լրիվ հասուն փուլում, երբ հատիկները չորացել են, կողրի կոթունը թուլացել, իսկ կողրը կախվել է: |