|
Գյուղատնտեսության զարգացման պայմաններն ու նախադրյալները ԼՂՀ-ում
ԼՂՀ աշխարհագրական դիրքը և հողակլիմայական պայմանները Լեռնային Ղարաբաղը տեղադրված է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և արևելքից եզերող Փոքր Կովկասի լեռնահամակարգի արևելյան շղթաների, նրանց լեռնաբազուկների, նրանց միջև տեղադրված մեծ ու փոքր հովիտների և դրանք արևելքից եզերող Միլի-Ղարաբաղի հարթավայրի եզրային շերտի տարածքում: ԼՂՀ տարածքը պարփակված է հյուսիսային լայնության 390 25′ ու 400 26′ և արևելյան երկարության 460 18′ ու 470 20′ կոորդինատներում: Հանրապետության տարածքը 12 հազ. քառ. կիլոմետր է: Վարչական առումով ԼՂ Հանրապետությունը բաժանվում է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ու Ստեփանակերտ քաղաքի տարածքի: Արցախի տարածքը հիմնականում բնորոշվում է լեռնային ձևավորումներով, մակերևույթը խիստ խայտաբղետ է: Ամենաբարձր կետը Գոմեշ գագաթն է (3724մ), իսկ արևելքում նախալեռները իջնում են մինչև ծովի մակերևույթից 100-150 մետրի: Ուրեմն, ռելեֆի բացարձակ բարձրությունների տարբերությունները Արցախի տարածքում հասնում են 3600 մետրի, որը ռելիեֆի բազմազանության ակնբախ վկայությունն է, տարածքի միջին բացարձակ բարձրությունը հաշվվում է 1100 մ: Լեռնային Ղարաբաղի տարածքն ըստ ուղղահայաց գոտիականության, բաժանվում է 4 գյուղատնտեսական գոտիների. դաշտային (ծովի մակերևույթից մինչև 350մ բարձրություն), նախալեռնային (350-600մ), միջին լեռնային (600-950մ) և լեռնային (1000-ից ավելի մետր): Գյուղատնտեսական մշակաբույսերը աճեցվում են մինչև 1800մ բարձրության վրա: 1. Դաշտավայրային գոտին (մինչև 350մ ծ.մ.) զբաղեցնում է (նախկին ԼՂԻՄ-ի) ընդհանուր տարածքի 23%-ը, ունի տաք կլիմա, թույլ խոնավություն, տեղումների քանակը տարեկան հասնում է 350-400մմ-ի, խոնավության գործակիցը 30-50% է, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը տարվա մեջ կազմում է 240 և ավելի օր, օդի տարեկան միջին ջերմաստիճանը +130C-ից բարձր է, բացարձակ նվազագույնը` -160C, բացարձակ առավելագույնը` +370C, վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` ապրիլի երկրորդ տասնօրյակը: Բուսականությունը կիսաանապատային և կիսատափաստանային է: Հողի հիմնական տեսակը շագանակագույն է` հարթավայրային, լեռնային, բաց և մուգ տարատեսակներով: Մեխանիկական բաղադրությունը կավային և ավազակավային է` շուրջ 3% հումուսի պարունակությամբ: Հումուսային հորիզոնի հզորությունը 30-50 սմ է, պարունակում է 5-10% կիր, կլանման տարողությունը` 25 մգ/էկվ, հողի ռեակցիան չեզոք կամ թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` բանջարաբոստանային կուլտուրաները, առվույտը, ցորենը, գարին, եգիպտացորենը, վաղահաս կարտոֆիլը, նուռը, թուզը, թութը, տանձը, խնձորը, արևելյան խուրման և խաղողը: 2. Նախալեռնային գոտին (350-600մ ծ.մ.) զբաղեցնում է ընդհանուր տարածքի 27%-ը, կլիման տաք է: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10.80C: Ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 227 օր է, տարեկան տեղումների քանակը 560մմ է, խոնավության գործակիցը կազմում է 50-70%, բացարձակ նվազագույնը` -180C, բացարձակ առավելագույնը` +370C, դրական ջերմաստիճանների գումարը 33820C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` ապրիլի երրորդ տասնօրյակը: Հողի հիմնական տեսակներն են` լեռնային-շագանակագույն, գորշ-դարչնագույն (մուգ և բաց դարչնագույն) թույլ հզորության և թույլ-հումուսային սևահողեր, հարավային սևահողեր, լեռնային սևահողեր և այլն: Գորշ-դարչնագույն հողերի մեխանիկական բաղադրությունը կավավազային (60% կավ) և կավային (80% կավ) է, հումուսի պարունակությունը 3-4% է, հումուսային հորիզոնի հզորությունը 30-40սմ, պարունակում է մինչև 15% կիր, կլանման տարողությունը հասնում է 30մգ/էկվ, կալցիումի պարունակությունը մինչև 9.0%, հողի ռեակցիան չեզոք կամ թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` ցորենը, գարին, եգիպտացորենը, բանջարեղենը, կարտոֆիլը, խաղողը, տանձը, խնձորը, թութը, սալորը, դեղձը, բազմամյա խոտաբույսերը, կերային կուլտուրաները: 3. Միջին լեռնային գոտին (600-950մ ծ.մ.) զբաղեցնում է ընդհանուր տարածքի 44%-ը: Կլիման` մեղմ-տաք է, կիսախոնավ, օդի միջին տարեկան ջերմաստիճանը 100C, բացարձակ նվազագույնը` -150C, բացարձակ առավելագույնը` +360C, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 213 օր է, տեղումների տարեկան քանակը հասնում է 600մմ-ի, ձյան ծածկույթը մնում է 68 օր (բարձրությունը հասնում է մինչև 11 սմ), հողի խոնավության գործակիցը 70-100% է, դրական ջերմաստիճանների գումարը 31300C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը հոկտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` մայիսի առաջին տասնօրյակը: Հողի հիմնական տեսակներն են` լեռնա-մարգագետնային, անտառային, անտառա-տափաստանային, մարգագետնա-սևահողային և բաց: Հումուսի պարունակությունը կազմում է 5-6%, հումուսային հորիզոնի հզորությունը մի քանի սմ-ից երբեմն հասնում է մինչև 1 մ-ի: Մեխանիկական բաղադրությունը թեթև կավային և ավազակավային է: Կլանման տարողութ -յունը` մինչև 35 մգ/էկվ, հողի ռեակցիան չեզոք է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` ցորենը, գարին, եգիպտացորենը, բանջարեղենը, կարտոֆիլը, ծխախոտը, տանձը, խնձորը, թութը, սալորը և կերային կուլտուրաները: 4. Լեռնային գոտին (1000մ ծ.մ բարձր) կազմում է ընդհանուր տարածքի մոտ 6.0%-ը, կլիման խոնավ է և ցուրտ, օդի միջին ջերմաստիճանը +8.60C, բացարձակ նվազագույնը` -190C, բացարձակ առավելագույնը` +320C, տարեկան միջին տեղումների քանակը 600-650 մմ է, ձյան ծածկույթը մնում է 100 օրից ավելի, խոնավության գործակիցը 100-150% է, ոչ սառնամանիքային ժամանակաշրջանը 196 օր է, դրական ջերմաստիճանների գումարը հասնում է 26570C: Վաղ աշնանային ցրտերի սկիզբը սեպտեմբեր ամսվա երրորդ տասնօրյակն է, ուշ գարնանային ցրտերի վերջը` մայիսի երկրորդ տասնօրյակը: Հողի ծածկույթը մարգագետնային ենթագոտում իրենից ներկայացնում է սև-մարգագետնային, իսկ անտառային ենթագոտիներում` մուգ դարչնագույն և դարչնագույն լեռնաանտառային հողեր: Լեռնա-մարգագետնային հողերը բնութագրվում են մուգ գունավորված վերին շերտով, 10-20 սմ հզորությամբ, 10% և ավելին հումուսի պարունակությամբ: Տիպիկ լեռնա-անտառային հողերը պարունակում են 6-8% հումուս և գոյացել են դելուվիալ կավային մայրատեսակների վրա, սակայն կիրը լինում է միայն ցածր հորիզոնականներում` Բ. հորիզոնականից ցածր: Մեխանիկական բաղադրությամբ լինում են թեթև կավային և ավազակավային, իսկ Բ. հորիզոնականում` միշտ ծանր կավային: Կլանման տարողությունը տատանվում է մինչև 35 մգ/էկվ: Հողի ռեակցիան չեզոք և թույլ հիմնային է: Հիմնական գյուղատնտեսական կուլտուրաներն են` բազմամյա խոտաբույսերը, կարտոֆիլը, հացահատիկային կուլտուրաները: Տարվա արևոտ օրերը կազմում են 245-265 օր: Գյուղատնտեսական արտադրության համար նպաստավոր պայմաններ ունեցող տարածքում մթնոլորտային տեղումների քանակի տարեկան միջինը բազմամյա տվյալներով կազմում է 588 մմ, ծովի մակերևույթից մինչև 610 մ բարձրություն ունեցող վայրերում` 482-581 մմ: Առավելագույն մասը թափվում է մայիս-հունիս ամիսներին: Օդի հարաբերական խոնավությունը կազմում է` հունվար ամսում` 69%, փետրվար` 68.5%, մարտ` 69.8%, ապրիլ` 69.5%, մայիս` 65.5%, հունիս` 60%, հուլիս` 51.8%, օգոստոս` 53.5%, սեպտեմբեր` 65.8%, հոկտեմբեր` 65.8%, նոյեմբեր` 73.2%, դեկտեմբեր` 70.5%, տարեկան միջինը` 65.2%: Տվյալներ հողօգտագործման մասին ԼՂՀ տարածքում գործում է գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության 3 ձև` 1. անհատ (սեփականատերի դերում հանդես է գալիս գյուղացիական բնակչությունը), 2. պետական (սեփականատերի դերում հանդես է գալիս պետությունը), 3. համայնքային (սեփականատերի դերում հանդես է գալիս համայնքը): ԼՂՀ տարածքում, համաձայն ԼՂՀ հողային օրենսգրքի, գյուղական բնակիչներին սեփականաշնորհվել է վարելահող, բազմամյա տնկարկներ, խաղողայգի և խոտհարք: Ընդհանուր սեփական հողի չափը, անկախ հողատեսքից, կազմում է 0.6 հա մեկ շնչի հաշվով: Վարձակալված հողերի տարածությունը կազմում է 43.6 հազ. հա, որից 80 % վարձակալված է խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 459.9 հազ. հա տարածություն, որից սեփականաշնորհվել է 30.6 հազ. հա: ԼՂՀ բնակչության թվաքանակի մասին 1989թ. մարդահամարի տվյալներով Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը կազմել է 187.8 հազ. մարդ, որից գյուղական բնակչությունը — 50%: Պատերազմական գործողությունների հետևանքով տեղի է ունեցել բնակչության դեմոգրաֆիական փոփոխություն` կապված տեղի բնակիչների բռնագաղթման, ինչպես նաև Ադրբեջանից կատարված ներգաղթի հետ: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ բնակչության թվաքանակը կազմել է 148.917 մարդ, որից քաղաքային` 84.522 մարդ, գյուղական` 64.395 մարդ: Վերջին 3-4 տարիների ընթացքում գրանցվել է բնակչության աճի կայուն դինամիկա, բնական աճի ու ներհոսքի հաշվին: Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, առաջիկա 25 և 50 տարիների ընթացքում կանխատեսվում է բնակչության աճ ՝ համեմատաբար 50 հազ. և 90 հազ. մարդ: Արդյունքում, բնակչության թվաքանակը կկազմի 2025թ. 195 հազ. մարդ, 2050թ` 235 հազ. մարդ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը անցյալում, ներկան և զարգացման հեռանկարները (համառոտ տեսություն) Արցախի գյուղացիները ոչ հեռու անցյալում հայրենանվեր, քրտնաջան աշխատանքով ստեղծել էին զարգացած, արդյունավետ, խոշոր մեքենայացված բազմաճյուղ գյուղատնտեսական արտադրություն: Հիմնական ճյուղերը` բուսաբուծությունն ու անասնապահությունը: Լայն զարգացում ստացան խաղողագործությունը, ծխախո-տագործությունն ու մեղվաբուծությունը: 1985թ. ԼՂԻՄ-ում կային 33 կոլտնտեսություն, 40 խորհրդային տնտեսություններ (սովխոզներ) և 6 միջտնտեսային ձեռնարկություններ: Տնտեսությունների հետագա խոշորացումն ու մասնագիտացումը, ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը, արտադրության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը կարճ ժամանակամիջոցում ապահովեցին բուսաբուծական ու անասնապահական արտադրության կայուն աճ: Գյուղատնտեսության զարգացման տեմպերը առավել բարձր էին 70-80 թվականներին, առանձնապես 80-90թթ.: Հանրապետությունում (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) 1971-1980թթ. հացահատիկի միջին տարեկան արտադրությունը կազմել է 51.8 հազ. տոննա, իսկ 1981-90թթ.` 62.8 տոննա, խաղողինը` համապատասխանաբար 83.9 հազ. տոննա և 101.4 հազ. տոննա, մսի արտադրությունը` 10 հազ. և 10.2 հազ. տոննա, կաթինը` 43.9 հազ. և 52.4 հազ. տոննա, ձվինը` 26 մլն և 27.8 մլն հատ: Ուշագրավ է, որ նշված աճը հիմնականում տեղի է ունեցել ինտենսիվ` գյուղատնտեսական մշակաբույսերի ու անասունների մթերատվության բարձրացման հաշվին: Այսպես, հացահատիկի և մի շարք մշակաբույսերի բերքի աճը լիովին տեղի են ունեցել բերքատվության հաշվին, քանի որ 1971-1985թթ. խաղողագործության զարգացման հետեւանքով նրանց ցանքատարածությունները կրճատվել են 30-50%: Հացահատիկի մեկ հեկտարի միջին տարեկան բերքատվությունը 9.4ց (1961-1970թթ.) բարձրացել եւ 1971-1980թթ. կազմել է 14.9ց, իսկ 1981-1990թթ.` 22ց, բանջարեղենի բերքատվությունը` համապատասխանաբար 98.5ց 123 ց և 133.3ց, խաղողինը` 44.1ց, 84.5ց, 73.3ց: Մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը 70-ական թվականների 1217կգ-ից աճել եւ 1981-1990թթ. կազմել է 2294կգ: Հացահատիկի արտադրության մակարդակը եղել է. 1988թ.` 107.8 հազ. տոննա, իսկ 1990թ.` 95.3 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը` համապատասխանաբար 27.3ց և 25.8ց: 80-ական թվականներին հանրապետության տարածքում, հատկապես Մարտակերտի և Մարտունու շրջաններում, բուռն կերպով զարգացավ խաղողագործությունը: Հանրապետության տնտեսությունների երկու երրորդը ունեին խաղողի այգիներ: Նրանց դրամական եկամուտի 40-50%-ը (բուսաբուծություն` 90%-ը) ստացվել է խաղողագործությունից: Արդյունաբերության համախառն արտադրանքի 60%-ից ավելին և ընդհանուր իրացման ծավալի 45%-ից ավելին բաժին էր ընկնում գինեգործությանը: Խաղողագործության շահույթաբերությունը կազմում էր մոտ 70%, առանձին տարիներին` ավելի բարձր: Խաղողագործության շահույթը փակում էր մնացած ճյուղերի վնասը: 1984թ. արտադրվել է 167.6 հազ. տոննա խաղող, որից կոլտնտեսություններում և սովետական տնտեսություններում 164.2 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը կազմել է 121.2ց: Սակայն Գորբաչովյան հակաալկոհոլային տխրահռչակ որոշումից հետո խաղողի պլանտացիաների տարածքները 18.2 հազ. հա-ից (1982թ.) կրճատվել են մինչև 11.2 հազ.հա (1987թ.): Գյուղատնտեսության համախառն միջին տարեկան արտադրանքը 1981-1990թթ. կազմել է ավելի քան 41.5 մլրդ դրամ (2006թ. գներով): Այն ցանքատարածությունների 1 հեկտարի հաշվով կազմել է 671 հազ.դրամ, իսկ հանրապետության մեկ շնչի հաշվով` 253 հազ.դրամ: Դա նախորդ տասնամյակի միջին տարեկան ցուցանիշները գերազանցում է համապատասխանաբար 4.3 մլրդ, 114 հազ և 21 հազ. դրամով: ԼՂՀ կառավարությունը, գյուղատնտեսության բնագավառի համապատասխան մարմինները 1994թ. զինադադարից հետո անմիջապես ձեռնամուխ եղան պատերազմի հետևանքով քայքայված գյուղատնտեսության արտադրության կազմակերպման և նրա հետագա զարգացման հիմնախնդիրների լուծմանը: Արագ տեմպերով սկսվեցին ավերված գյուղերի վերականգնումը, գյուղատնտեսության արմատական վերակառուցումն ու բարեփոխությունները, հողի, անասնագլխաքանակի և այլ հիմնական արտադրական միջոցների սեփականաշնորհումը, վարձակալման համակարգի ներդրումը, հողահանդակների ականազերծումը, բուսաբուծության և անասնապահության կարևոր ճյուղերի արտոնյալ վարկավորումը, խիստ վերահսկողություն սահմանվեց տրամադրած վարկերի նպատակային օգտագործման նկատմամբ, ինչը կարճ ժամանակամիջոցում տվեց իր դրական արդյունքները: Այսպես, 2001-2005թթ. հացահատիկային մշակաբույսերի միջին տարեկան ցանքատարածությունները 1994-2000թթ. համեմատությամբ ընդլայնվել են 1.8 անգամ, հատիկի արտադրությունն ավելացել է 2.3 անգամ և կազմել է 70.9 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը բարձրացել է 1.3 անգամ և կազմել է 16ց: 2005թ. արտադրվել է 88.5 հազ. տոննա հացահատիկ, որը հանդիսանում է 3-րդ ցուցանիշը հանրապետության հացագործության ամբողջ տարիների ընթացքում: Բանջարեղենի արտադրությունը ավելացել է 3.7 անգամ և կազմել 10.8 հազ. տոննա, մեկ հեկտարի բերքատվությունը` համապատասխանաբար 1.7 անգամ և 91.4ց, կարտոֆիլի արտադրությունը` 4.6 անգամ և 12.9 հազ. տոննա, բերքատվությունը 2.1 անգամ և 95.3ց, խաղողի արտադրությունը` 1.8 անգամ և 5.3 հազ. տոննա, բերքատվությունը` 1.8 անգամ և 42.9 ց: Նշված ժամանակաշրջանում որոշակի դրական տեղաշարժեր են տեղի ունեցել նաև անասնապահության բնագավառում: Այսպես 2005թ. խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1990թ. համեմատությամբ ավելացել է 35.2%, իսկ 2000թ.` 27.8% և կազմել է 44.6 հազ. գլուխ, այդ թվում կովերի` համապատասխանաբար 31.5%, 18.1% և 19.6 հազ. գլուխ, խոզերի` 55.7%, 44.3% և 15.1 հազ.գլուխ, ոչխարների ու այծերի` 29%, 17.4% և 42.2 հազ.գլուխ, թռչունների` 91.9%, 36% և 239.9 հազ.թև: Բարձրացել է նաև նրանց մթերատվությունը: 2001-2005թթ. կաթի միջին տարեկան արտադրությունը 1991-2000թթ. համեմատությամբ ավելացել է 37.1% և կազմել 30.3հազ. տոննա, մեկ կովի կաթնատվությունը աճել է 29.6% և կազմել 1494 կգ: Ձվի արտադրությունը նույն համեմատությամբ ավելացել է 38.1% և կազմել 14.2 մլն հատ, մեկ ածան հավի ձվատվությունը 1.9 անգամ և կազմել է 123 հատ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկանը 2001-2005թթ. կազմել է 18.6 մլրդ դրամ (2006թ. գներով) 1991-2000թթ. 11.5 մլրդ դիմաց: Բնակչության մեկ շնչի հաշվով այն կազմել է 136.5 հազ. դրամ 1991-2000թթ. 89.4 հազ. դիմաց, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի մեկ հեկտարի հաշվով 378.1 հազ.դրամ, 1991-2000թթ. 342.2 հազ.դրամի դիմաց: Ձեռք բերված հաջողությունները դեռ վերջնակետը չեն: Հանրապետության գյուղատնտեսության բնագավառում դեռ կա բավականաչափ մեծ ներուժ, ռեզերվներ ու հնարավորություններ, որոնց արդյունավետ օգտագործումը կնպաստի ոչ միայն մոտ ապագայում նախկինում ձեռք բերված ցուցանիշների հասնելուն, այլ նաև դրանց զգալիորեն գերազանցմանը: Հանրապետության գյուղնախարարությունը մշակել և կառավարության հաստատմանն է ներկայացրել գյուղատնտեսության հետագա զարգացման միջանկյալ և հեռանկարային ծրագրեր: Նախատեսվում է արմատապես բարելավել բուսաբուծության և անասնապահության համակարգի վարումը, արտադրությունում ներդնել հողի մշակման ու անասունների խնամքի նորագույն առաջատար ձևերը, ամենուրեք լայնորեն օգտագործել օրգանական ու հանքային պարարտանյութերը, մշակաբույսերի ու անասունների պաշտպանության լավագույն թունաքիմիկատներն ու դեղամիջոցները, լիովին թարմացնել և ընդլայնել մեքենա-տրակտորային պարկը և դրա հիման վրա ապահովել դաշտավարության ու անասնապահության աշխատարար պրոցեսների մեքենայացման մակարդակի բարձրացումը, արմատապես բարելավել բնական խոտհարքներն ու արոտները:
Սույն հայեցակարգի իրագործման հիմքում ընկած հիմնական ուղղությունների կատարումն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարության որոշումներով կհաստատվեն համապատասխան ծրագրեր, կմանրամասնվեն պետական աջակցության ձևերն ու չափերը, ինչի արդյունքում կապահովվի հայեցակարգով նախատեսված ակնկալվող արդյունքների իրագործումը: Հայեցակարգով սահմանված ժամանակահատվածում մշակվող ու կիրառվող քաղաքականությունը և դրա ակնկալվող արդյունքները կբերեն երկրում պարենամթերքներով ապահովման ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և միջազգային մրցունակության աստիճանի էական ավելացմանը: |